1 անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար

Բռնություն է գործադրել «Ազատության»Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից...
hatuk-qnnchakan

Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 2017թ. ապրիլի 2-ին, ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանին, մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը:

Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

*

*