Բուժաշխատողների խախտումների վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել Լոռու մարզպետին

Առաջարկվել է գործուն միջոցներ ձեռնարկել․․․
qnnchakan shenq

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։

2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

*

*