Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, անուն չտալով, հաստատել է լուրը։
Lorecyan

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ խոսքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի մասին է։

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը,  նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Գեւորգ Լոռեցյանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մինչ այդ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Գեւորգ Լոռեցյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2017 թվականին Գյումրիի տեղական ինքնակառավարման ընտրություններում ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

*

*