ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:
bant

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10 անձանց հետ: 

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա:

Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:

«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել:

 

*

*