Կալանավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. մեղադրվում են 4 պաշտոնատար անձինք

Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվել...
hatuk-qnnchakan

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ն, ոստիկաններ Արամայիս Ա.-ն և Սարո Բ.-ն նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակից Անուշավան Բ.-ի հետ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենք ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեն 3 կալանավորներին, կանգնեն ճանապարհի պայմանավորված հատվածում և թույլ տան Անուշավան Բ.-ին, որպեսզի նա դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածը իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխի հիշյալ կալանավորներին՝ ճանապարհին վերջիններիս հետ զրուցելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվել Անուշավան Բ.-ին, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի 3 կալանավորներին, իսկ իրենք՝ ուղեկցող ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով շարժվել են նրանց հետևից:

Ոստիկանության ծառայող Անուշավան Բ.-ն, կալանավորներին տեղափոխելու ճանապարհին, իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես ոստիկան Անուշավան Բ.-ն, այնպես էլ՝ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները:

Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Պարույր Գ.-ն և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ն ձերբակալվել են:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը ոստիկանության հիշյալ ստորաբաժանման 4 ոստիկաններին էլ մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 3 ոստիկանների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է, որ չարաշահեն իրենց պաշտոնեական լիազորությունները:

Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը մեղադրյալներ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ի և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին ապօրինի տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն մեղադրյալ ոստիկանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*