Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի՝ գրավը մուծելուց հետո

Ազատ արձակվեցին Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գևորգ Սաֆարյանը
jirayr-sefilyan

Վերաքննիչ քրեական դատարանը Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները բավարարեց մասնակի։ Ըստ այդմ որոշվեց.

Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել, Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։

Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5 ամիս ժամկետով։ Սեֆիլյանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից դատարանի դեպոզիտ հաշվին 500.000 ՀՀ դրամ վճարումից հետո Սեֆիլյանն ազատ կարձակվի:

Նշենք, որ Սեֆիլյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի` մարտի 20-ի դատավճռով Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու համար և դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Բացի այդ` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

*

*