Կաշառք վերցնելիս՝ ձերբակալվել է Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը

Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաեւ չեն հերքում:
ishkhan-barseghyan-datavpr

Երեկ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը. այս մասին գրում է armtimes.com-ը:

Իրավապահ շրջանակներից փոխանցել են, որ Իշխան Բարսեղյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է երեկ երեկոյան, Շենգավիթ վարչական շրջանում` փողոցում, «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում:

iravaban.net-ը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին բերման է ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, այնուհետև նա ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից: Այս աղբյուրը գրում է, որ դատավորի վարույթում քննվելիս է եղել հայրական տան վերաբերյալ ընտանեկան վեճ, և դատավորը պետք է կաշառքի դիմաց դատական ակտ կայացներ՝ հօգուտ հայտարարատուի:

Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: armtimes.com-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:

Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը, բայց նաեւ չեն հերքում: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ պաշտոնական տեղեկություն կլինի միայն առավոտյան:

*

*