Դատարաններն արգելափակելու՝ Փաշինյանի հրահանգը սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» ՀԿ-ն կոչ է անում

Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում...
datavor-dataran

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը Արցախի նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանն է, հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Փաշինյանի կողմից արված կոչի վերաբերյալ: Կոչը վերաբերում էր վաղն առավոտյան բոլոր դատարանների դռները փակելուն:

 ՀԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է:

 Կոչ ենք անում՝

1) Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում, միջոցներ ձեռնարկել Դատական իշխանության գործառնության խափանում թույլ չտալու, ինչպես նաև առկա իրավիճակի մասին ՀՀ գործընկեր պետությունների դեսպաններին, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպություններին իրազեկելու ուղղությամբ և այդ մասին հանդես գալ ուղերձով:

2) ՀՀ քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին՝ հանդես գալ իրավիճակին համարժեք գնահատականով:

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խստորեն դատապարտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը փաստացի դադարեցնելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի փորձը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:

 

*

*