Անհիմն քրեական գործեր՝ ցուցարարների նկատմամբ. Human Rights Watch-ի զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ

«Երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհարթ է մնացել 2016 թվականին»:
human-rights-watch

tert.am— Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017թ. զեկույցը։ Human Rights Watch-ի՝ 687 էջից բաղկացած զեկույցի 27-րդ հրատարակությունը ներկայացնում է ավելի քան 90 երկրում, այդ թվում Հայաստանում, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ-ում և Եվրոպայում քաղաքական պոպուլիզիմի վերելքը սպառնում է իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխիքներին և ազատ է արձակում ողջ աշխարհում ավտոկրատ ռեժիմների ձեռքերը: ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի պայմաններում ատելության և անհանդուրժողականության և Արևմտյան Եվրոպայում իրավունքների և ազատությունների ունիվերսալության սկզբունքը մերժող քաղաքական կուսակցությունների աճող աղդեցության ֆոնին վտանգի տակ է հայտնվել մարդու իրավունքների ամբողջ հետպատերազմյա համակարգը:
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին վերաբերող հատվածում՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհարթ է մնացել 2016 թվականին: Կազմակերպությունը նշում է, որ իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակումներ են գործել լրագրողների դեմ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել ցույցերի առաջնորդներին և մասնակիցներին:

«Վեց ամիս անց մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»,- հավելել է նա:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքը շարունակել է խնդիր մնալ, իսկ հետաքննություններն արդյունավետ չեն եղել: Կազմակերպության համաձայն՝ այլ մտահոգությունների թվում են ընտանեկան բռնությունը, որը հաճախ մնում է անպատիժ, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը, կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով մարդկանց համար ցավազրկող դեղորայքի հասանելիության անհարկի սահմանափակումները:
Ոստիկանական անհամաչափ ուժի կիրառում

Human Rights Watch-ը նշում է, որ 2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:

Կամայական կալանավորումներ և վատ վերաբերմունք
Հուլիսին և օգոստոսին իշխանությունները կամայականորեն ձերբակալել են ցույցերի հետ կապված տասնյակ մարդկանց՝ ծեծի ենթարկելով նրանցից շատերին և որոշների նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելով:
Կանանց իրավունքներ

Չնայած ապացույցներին, որ կանանց դեմ բռնությունը տարածված երևույթ է մնում, և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի և ակտիվիստների կողմից մշտական ճնշմանը՝ Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի վավերացրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Պալիատիվ օգնություն

Իշխանությունները դեռևս քննարկում են ափիոնային դեղորայք ստանալու հարցում անհարկի խոչընդոտներ ստեղծող դեղատոմս տրամադրելու և դեղորայքը մատակարարելու բարդ և ժամանակատար ընթացակարգերի բարեփոխումները: Ընթացիկ կանոնակարգերը խոչընդոտում են անհրաժեշտ պալիատիվ օգնության տրամադրումը՝ դատապարտելով կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդներին ավելորդ տառապանքների:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Ակտիվիստների հաղորդմամբ՝ LGBTI համայնքի անդամները շարունակում են ենթարկվել խտրականության և բռնության:

Թարգմանությունը՝ tert.am-ի

*

*