Հրաչյա Հարությունյանին տեսակցելու համար ՀՀ դեսպանատունը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ, փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ...
Հրաչյա Հարությունյանն՝ իր դատավարության ժամանակ
Հրաչյա Հարությունյանն՝ իր դատավարության ժամանակ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ, փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի  առողջական վիճակի վերաբերյալ ծագած հարցերը պարզելու համար։

Նման անհրաժեշտություն առաջացել է Հարությունյանի կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև՝ ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հայտնած,  ինչպես նաև ԶԼՄ-ներից մեկի  հրապարակման մեջ արծարծված հրատապ հարցերի բարձրացումից հետո։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, աշխատանքային խումբը կապ է հաստատել ՌԴ Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկի ղեկավարության և բուժսպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Ըստ ստացված տեղեկատվության` քաղաքացի Հարությունյանը, ելնելով որոշ առողջական գանգատներից, վերջերս անցել է հանգամանալից բժշկական զննում տեղի շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից: Համաձայն բժշկական եզրակացության, քաղաքացու կյանքին սպառնացող առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ինչպես դեսպանությանը հայտնել են ուղղիչ հիմնարկից, վերոնշյալ հարցազրույցում արծարծված այլ խնդիրների մասին պատիժը կրող քաղաքացին երբևէ չի հայտնել հիմնարկի ղեկավարությանը:

«Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտագրով դիմել է ՌԴ ԱԳՆ, ինչպես նաև Տամբովի հ. 3 ուղղիչ հիմնարկ` Հրաչյա Հարությունյանի հետ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար:

Հավելենք, որ մինչ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը որևէ բողոք Հ. Հարությունյանից կամ նրա հարազատների կողմից չի ստացել: Հարկ է նշել, որ Տամբովի մարզի հ. 3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության միջնորդությամբ և համաձայն իր դիմումի` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ս/թ. փետրվարի 8-ին անձնագրավորել է Հ. Հարությունյանին:

Այլ տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

*

*