Հրաչ Մուրադյանի սպանության գործի վարույթը վերսկսվել է

Տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ գլխավոր դատախազի հետ արդեն երկրորդ անգամ հանդիպումից հետո։
hrach-muradyan

Հայաստանի Գլխավոր դատախազությունը վերսկսել է 2013 թվականի ապրիլի 2-ին անհայտ անձանց կողմից սպանված Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության քրեական գործի վարույթը: Այդ մասին տեղեկացրել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ գլխավոր դատախազի հետ արդեն երկրորդ անգամ հանդիպումից հետո։ Վերջինս տեղեկացրել է, որ դատախազությունը որոշում է կայացրել վերսկսել քրեական գործի վարույթը. առկա են գործին առնչվող նոր տեղեկություններ, որոնք նպաստում են գործի քննությունը նոր թափով վերսկսելուն։

Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ինչպես նախորդ տարիներին, հիմա եւս հետեւողական եւ պահանջատեր է լինելու, որ հանրային լայն հնչեղություն ստացած այդ հանցագործությունը բացահայտվի, եւ մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն:

Հիշեցնենք, որ տեւական կասեցումից հետո, 2018-ի օգոստոսին գործի քննությունը վերսկսվել էր, սակայն դեկտեմբերին կրկին այն փակվել էր։ Ապրիլի 2-ին Դաշնակցության նախաձեռնությամբ եւ Հրաչ Մուրադյանի ընկերների, համագյուղարիների մասնակցությամբ բազմամարդ բողոքի հավաք էր կայացել Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ օրը Իշխան Սաղաթելյանին ու Արծվիկ Մինասյանին, ինչպես նաեւ Հրաչ Մուրադյանի հարազատներին վստահեցրել էր, որ իր հսկողությամբ նորից քննություն կտարվի։

 

*

*