Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են քրեական գործի շրջանակներում

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է լուրը
datavor-davit-grigoryan (1)

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում հաստատեց լուրը, որ երեկ ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Նա նշեց, որ խուզարկությունը իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, սակայն առայժմ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Արման Խաչատրյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ըստ կանոնադրության ԲԴԽ-ն պետք է ծանուցվեր խուզարկության մասին, բայց նա տեղյակ չէր՝ ծանուցում եղել է, թե ոչ, բացի դա իրենք տեղի ունեցածին որեւէ գնահատական առայժմ չեն կարող տալ:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների երաշխավորության միջնորդությունը, 2019 թվականի մայիսի 18-ին փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, իսկ մայիսի 20-ին որոշել կասեցնել քրեական գործի վարույթը ու դիմել ՍԴ։

*

*