«Այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզնից»․ Նիդերլանդների Դատական խորհրդի պատվիրակության նախագահ

ԲԴԽ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությանը
bdx-handipum

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից:

Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով. «10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»:

ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևա­վորման ուղղությամբ: «Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյանների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Գերագույն դատարանում՝ առաջին ատյանի կարգով ՝ առանց բողոքարկման իրավունքի: Սա ևս հետաքրքիր է, և կցանկանայինք քննարկման առարկա դարձնել, թե այդ մեխանիզմների տարրերը մեզ մոտ ներդնելու ինչպիսի հեռանկարներ կարող են ունենալ»:

Քննարկման առանցքում էին նաև դատարանների ու դատավորների անկախությանը, գործերի բաշխմանն ու քննության ողջամիտ ժամկետներին, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականու­թյան դերի բարձրացմանն առնչվող հարցերը:

*

*