«Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է կենսաթոշակները եւ նպաստները

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում...
haypost-yuracnel-gumar

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա. Գրիգորյանին։ Ա. Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից մեկում որպես օպերատոր։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին 53 քաղաքացիներին կենսաթոշակ և նպաստ վճարելու համար իրեն հանձնված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցակներում ստորագրել է նշված կենսաթոշակառուների և նպաստառուների փոխարեն և գումարները յուրացրել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, վնասի մի մասը վերականգնել և պատրաստակամություն հայտնել պատճառված վնասը հետագայում վերականգնել ամբողջությամբ։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*