«Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

20.000 ԱՄՆ դոլար գումար է հափշտակվել...
qnnchakan

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2019թ. մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ  2019թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից  «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել 20.000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ հաղորդման՝ աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պահոցում: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9.700.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

*

*