Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չկան պատիժ կրող անչափահասներ. արդարադատության փոխնախարար

Կա մեկ կալանավորված անչափահաս...
bant

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անչափահասներ չկան, կա ընդամենը մեկ կալանավորված անչափահաս: Երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Քրեական արդարադատության ոլորտում իրավապահ մարմինների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ներկայում չունենք պատիժ կրող երեխա: Ունենք միայն մեկ կալանավորված անչափահաս՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կրթության և գիտության նախարարության հետ էլ աշխատանքներ ենք տանում, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների առկայության դեպքում կարողանանք կրթական գործընթացն ամբողջությամբ իրականացել»,-ասաց Քրմոյանը:

Նրա խոսքով՝ նաև աշխատանք են կատարում, որ օրենքի հետ շփվող երեխաներն ունենան սոցիալական աշխատողի, հոգեբանի աջակցություն: Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում ևս կազմակերպել են մեծածավալ միջոցառումներ:

Փոխնախարարը վստահեցրեց, որ փորձելու են անել ամեն ինչ, որ երեխաների նկատմամբ բռնությունը չհանդիսանա դաստիարակության միջոց՝ թե′ ընտանիքում, թե′ կրթական հաստատություններում:

 

*

*