Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը շեշտեց, որ իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի.

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: ՀՀ դատախազության 101-ամյակին և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս ուսադիրները և համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունի»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում է արդյունավետ: «Վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես Հայաստանի քաղաքացու դատախազությունն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ Հայաստանի  իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ:  Ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել՝ նրանց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ  առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ, և ամեն օրվա, ամեն տարվա հետ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունը իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի դատախազությունն է, իրենց անվտանգության դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս առումով  անելիքը շատ հստակ է՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. «Հանցագործի տեղը բանտում է, հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս կունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,- ասաց Փաշինյանը:

 

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*