Դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին․ «Փաստինֆո»

Հիմնավոր կասկածը բացակայում է․․․
baqu-dataran (1)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է  «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:

Տնօրենի ձերբակալության մասին Քննչական կոմիտեն հայտնել էր մի քանի օր առաջ: Ըստ նախաքննական մարմնի`բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:  2016-2018թթ.  ՀՀ պետբյուջեից և ԳԴՀ միջազգային համագործակցության ընկերության կողմից  ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից  որպես աշխատավարձ ելքագրվել է առանձնապես խոշոր չափի գումար և յուրացվել: Բացի այդ` 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565 հազար դրամ կաշառքի գումարներ:

Նշված գործի շրջանակներում` նախաքննական մարմինը «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և միջնորդություն ներկայացրել դատարան`նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար: Այսօր կայացած դատական նիստում դատարանը մերժել է կալանավորումը` գտնելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը: Այսինքն` նախաքննական մարմինը չի ներկայացրել բավարար ապացույցներ` տնօրենին յուրացումներ կատարելու եւ կաշառք ստանալու մեղադրանքներ առաջադրելու համար:

*

*