Հայանիստ գյուղում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով 1 անձի հետախուզում է հայտարարվել

Պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ
qnnchakan shenq

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային, փակել ճանապարհը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել հրազեն կիրառած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս  Մասիս քաղաքի բնակիչ է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  2018 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

 

*

*