Վարդանյանի հանցախումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հարցը, հավաքել 147 գործիչների տվյալներ

Հավաքել են տվյալներ քաղաքական գործիչների, գործարարների մասին, այդ թվում՝ ԱԺ բոլոր պատգամավորների:
artur-vardanyan-hancavor-khumb

Երևանում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախմբի առանձին անդամներ շրջանառության մեջ դրել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի մտադրությունը, բայց խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի կողմից մերժվել է այդ տարբերակը:

«Զինված հանցախմբի կողմից ՀՀ Նախագահի մահափորձ ծրագրված չի եղել: Խմբի անդամներն առաջարկել են տարբեր ծրագրեր` այդ միտքն իրականացնելու համար, Վարդանյանը մերժել է և նախատեսել է կոնկրետ գործողություններ ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության շենքերի և այլ օբյեկտների նկատմամբ»,- այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը։

Քննարկվել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հարցը ևս, սակայն խմբի ղեկավարն այդ հարցով որոշում չի կայացրել, աշխատանքներ չեն տարվել:

Խումբը հավաքել է Հայաստանի Հանրապետության 147 գործիչների` հասարակական-քաղաքական, իշխանության մաս կազմող ուժերի կամ ընդդիմության ներկայացուցիչների տվյալներ:

«Նրանք հավաքել են տվյալներ քաղաքական գործիչների, գործարարների մասին, այդ թվում՝ ԱԺ բոլոր պատգամավորների: Տեղեկություններն իրենց մեջ պարունակում են անձի վերաբերյալ կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներ, բնակության վայրի հասցեն»,- ասաց Համբարձումյանը` լուսանկարներով ցուցադրելով փաստեր զինված հանցախմբի ծրագրած գործողությունների մասին:

Լուսանկարներից մեկում զինված հանցախմբի անդամները դեմքերը փակ հատուկ համազգեստով են` ձեռքին զենք: Այդ լուսանկարն արվել է 2015թ. սեպտեմբերի 6-ին՝ Արթուր Վարդանյանի հայրական տանը: Հաջողվել է պարզել, թե ովքեր են այդ դիմակավորված անձինք, պարզվել են զենքերի ձեռքբերման աղբյուրները: Խումբը նշված վայրում գտնվել է օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում և մարզվել է, սովորել են զենք գործադրել, ուսումնասիրել են մարտական սպորտաձևեր: Տեղափոխվել են Երևան` օգտագործելով Արթուր Վարդանյանի աներոջ տունը` Արցախի պողոտայի վրա:

Համբարձումյանը տեղեկացրեց, որ հաջողվել է պարզել Նորքի առանձնատանը հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի, հանդերձանքի զգալի մասի ձեռքբերման աղբյուրը: Զենքերը տրամադրած կամ վաճառած անձինք կալանքի տակ են և մեղադրվում են համապատասխան հոդվածներով:

Խմբի անդամներն ունեցել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով կապ են պահպանել բացառապես միմյանց հետ: Դա քողարկվելու լավագույն եղանակն է:

ԱԱԾ-ն ներկայացրել է Երևանի առգրավված քարտեզը, որի վրա ձեռագիր, կլոր, մեջը խաչերով նշվել են թիրախները, որոնց վրա հարձակում է պլանավորվել: Նշված են եղել Երևանի խաչմերուկների, կամուրջների հատվածները, որտեղ խցանումներ պետք է ստեղծեին, որ օգնության շտապող համապատասխան կառույցները չհասնեին օգնության ժամանակին:

Եղել են ցուցակներ, որոնց մեջ նշված են եղել խմբի անդամների անունները և դիմացն այն թիրախի անվանումը, որի վրա հարձակմանը կոնկրետ անձը կարող էր ունենալ կոնկրետ մասնակցություն: Եղել են ֆիքսված Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության տարածքները, «Էյֆել» անվանումը վերաբերել է Հանրային հեռուստաընկերությանը:

Խմբի անդամները նոթատետրերում վարել են հաշվառում, թե ի՞նչ սպառազինություն են ձեռք բերել, թե խմբի որ անդամին ինչ է հատկացված եղել: Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է համապատասխան հանդերձանք, զենք, զինամթերք:

Բացի ընտրված թիրախներից, գործարարների, պաշտոնատար անձանց տվյալների հավաքագրման աշխատանք են կատարել` որտեղ են տեղադրված տեսախցիկները, անվտանգության աշխատակիցները որտեղ են տեղակայված, և այլն:

*

*