Համազգային թատրոնից գումար, համակարգիչներ եւ այլ գույք հափշտակելու փաստով 3 ձերբակալված կա

Համազգային թատրոնից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող հանգանակված գումար...
hamazgayin-tatron-goghutyun
Լուսանկարը՝ yerkir.am-ի

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 23-ին «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 երիտասարդ ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները