ՀԱԷԿ-ի նախկին ղեկավարության հանցավոր խումբը պետությանը պատճառել է 783 միլիոն 586 հազար դրամի վնաս

Հանցագործությունը բացահայտվել է, իսկ վնասն ամբողջությամբ հատուցվել:
aac-zinvor-gumar

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման  ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:

ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական  եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

*

*