Գյումրիում տեղի ունեցած սպանությունների գործով հետախուզվում է 21-ամյա կասկածյալը

Վիճաբանությունը սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանությունը սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝ տուժողներից մեկի եղբոր և 1997 թ. ծնված գյումրեցու մասնակցությամբ, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել տուժողներից մեկի եղբորը։ Ավելի ուշ կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում՝ տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր և հորեղբոր որդու  ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 և 5,45 տրամաչափի 3 հատ պարկուճ, մեկ փամփուշտ, արնանման հետքեր, բջջային հեռախոսի քարտ։ Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի 1997թ. ծնված բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235-դ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

*

*