Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցը

Մեղադրյալը կմնա ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում
datavor-dataran

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մարտի 19-ին մերժեց ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հայցը։

Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցի քննությունն ընթացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Վահե Միսակյանը:

Իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդեց հայցը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը ևս հայկական տարածք է, այդ պատճառով զինծառայողը պետք է տրամադրվի հայկական կողմին։ Զինծառայողի` բազայում գտնվելու հանգամանքը, ըստ Զալյանի, սահմանափակում է տուժողի իրավահաջորդների իրավունքները:

Դատախազ Միհրան Մարտիրոսյանը նշեց, որ ենթադրյալ մեղադրյալը ձերբակալվել է ռազմակայանի տարածքում, գործողություններն իրականացվել են հայկական և ռուսական կողմի համատեղ գործողությունների արդյունքում: «Այս պարագայում զինվորի հանձնումը դեմ է ՌԴ սահմանադրությանը, բացի այդ, նրա` ռազմաբազայում գտնվելու հանգամանքը չի խոչընդոտում վարույթ իրականացնող մարմնի գործողությունները»,- նշեց դատախազը` ասելով, որ այս պահին Ռազգիլդեևը գտնվում է 102– րդ ռազմակայանի տարածքում:

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դեկտեմբերի 12-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

*

*