ՀՔԾ-ն հերքում է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության մասին հրապարակումները

«Հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»
hatuk-qnnchakan

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, որը հիմք էր տվել հրապարակումներում ենթադրություններ անել, թե ՀՔԾ-ն բավական լուրջ հիմքեր ունի Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

ՀՔԾ-ն «Ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ հերքման տեքստում գրել է.

«Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում: «Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»:

Օրաթերթն այդ հոդվածում նշել էր, թե իրավապահ մարմիններին մոտ իր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,-գրել է թերթը:

 

*

*