300 միլիոն դրամի դիմաց գրավ է դրվել խուլերի միավորման պալատի շենքը

«Հայաստանի խուլերի միավորում» հասարական կազմակերպությունում մթնոլորտը կրկին լարված է
xuleri-miavorum

«Հայաստանի խուլերի միավորում» հասարական կազմակերպությունում մթնոլորտը կրկին լարված է. այս անգամ խուլերը կանգնած են միավորման մշակույթի եւ սպորտի պալատի շենքը կորցնելու վտանգի առջև:

«Հայաստանի խուլերի միավորում» հասարական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ խուլերի միավորման նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը 2018թ.-ի հունիսի 19-ին 300 միլիոն ՀՀ դրամ գումարի դիմաց գրավ է դրել Խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատի շենքը:

«Գրիգոր Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 300 միլոն ՀՀ դրամ գումարի դիմաց գրավ է դրել միավորմանը պատկանող մշակույթի եւ սպորտի պալատի շենքը, վերցրել է 50 միլիոն ՀՀ դրամ գումար, որից 21 միլիոնն օգտագործել է պետական պարտք վճարելու համար, իսկ թե ինչ է արել մնացած գումարը, տեղյակ չենք,- GPnews.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Հարությունյանը և հավելեց,- Գրիգոր Գրիգորյանը բանկին պատճառաբանել է, որ ցանկանում է գումարն օգտագործել խուլերի միավորման երկրորդ կոմբինատը վերանորոգելու համար, սակայն այնտեղ վերանորոգման որևէ աշխատանք չի կատարվել»:

Այժմ  «Հայաստանի խուլերի միավորում» հասարական կազմակերպության անդամները միջնորդություն են ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որպեսզի Խուլերի  միավորման մշակույթի եւ սպորտի պալատի շենքը դուրս գա գրավից, փոխարենը՝ գրավի տակ դրվի Գրիգոր Գրիգորյանի սեփականությանը պատկանող որևէ գույք։

«Խուլերի միավորման պալատի շենքը պետք է դուրս գա գրավից: Թող նախկին նախագահը որոշի, թե ինչպես է գրավը վճարում: Փաստորեն, եթե չկարողանա վճարել այն, խուլերը կմնան փողոցում: Սա խուլերի աշխատանքով կառուցած շենք է, միակ կենտրոնն է, որ նրանք հավաքվում են, շփվում են միմյանց հետ»,-ասաց Մարինե Հարությունյանը:

GPnews.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Հայաստանի խուլերի միավորում» հասարական կազմակերպության նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նրա թարգմանչուհին նախ հերքեց տեղեկատվությունը, այնուհետև խոստացավ քիչ ավելի ուշ պարզաբանել: Սակայն այլևս չհաջողվեց կապ հաստատել նրա հետ. հեռախոսն անջատված էր:

*

*