Երևանի բնակարաններից մեկից գողացել են 500 դրամանոցներով տարա

Նույն անձանց կողմից կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հափշտակություններ, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

2017 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկի դուռը և գաղտնի հափշտակել ապակյա տարա, որի մեջ եղել է կանխիկ գումար՝ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990 և 1994 թթ։ Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձանց կողմից կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ ևս՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում. բացահայտվել է գողության 10 դրվագ, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը։

Ըստ դերաբաշխման՝ երիտասարդներից մեկը հետևել է մարդկանց շարժին, իսկ մյուսն իրականացրել հափշտակությունը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները