Գողության համար մեղադրանք է առաջադրվել ջերմոցային տնտեսության 22-ամյա հսկիչին

Երիտասարդը հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս...
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության 22-ամյա հսկիչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին, ՍՊ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսության հսկիչը՝ ծնված 1996 թվականին, նախապես տեղյակ լինելով, որ ՍՊԸ-ի դրամական միջոցները պահվում են ընկերության հաշվապահության պահարանի դարակում, նպատակադրվել է  գաղտնի հափշտակել այնտեղ առկա զգալի չափերի կանխիկ գումարը:

Այդ նպատակով 22-ամյա երիտասարդը հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և իր հետ նախապես վերցրած մետաղական ամրանի գործադրմամբ բացելով մետաղական պահարանի դարակը՝ գաղտնի հափշտակել այնտեղ առկա գումարը:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

*

*