Չարաշահումներ՝ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել․․․
kasharq-pashtpanutyan-nakhararutyun

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:

2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ուսանողի մորը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին ու համալսարանի աշխատակցուհուն։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

*

*