Բնակիչը դեմքի քիմիական այրվածքներ է ստացել անհայտ անձանց կողմից գողության ժամանակ

Կասկածյալների փախուստը կանխվել է մի քանի անչափահասների կողմից։
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեն ձեռնարկում է անհրաժեշտ քննչական գործողությունները Նոր Նորքում գողության փորձի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի  Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ  «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Թոթովենց փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով հայտնել է, որ այրվածքներն ստացել է նշված հասցեում անհայտ անձանց կողմից գողություն կատարելու ժամանակ:

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ գողությունը կանխվել է բնակիչների, իսկ կասկածյալների փախուստը՝ մի քանի անչափահասների կողմից։

Նախաքննության ընթացքում որպես տուժող է ճանաչվել փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով ներկայացրել է երկու կասկածյալների կողմից իր բնակարանից գողություն կատարելու դեպքի հանգամանքները:

Հարցաքննվել են նաև կասկածյալների փախուստը կանխած անչափահաս վկաները։

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

*

*