Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավորը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու համար
hatuk-qnnchakan

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այս մասին  տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքում կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Գ.-ի ծնողները, իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հ. Կ.-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ. Մ.-ի միջոցով գործով վարույթ իրականացնող հիշյալ դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորաղբյուր համայնքի բնակիչ Զ. Գ.-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսնու ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում Վ. Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին՝ մեկ դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Համապատասխան ընթացակարգի ավարտից հետո Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ա. Պետրոսյանի և Վ. Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանն ու դատավոր Վ. Վարդանյանը կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

 

*

*