Չարաշահումների մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն ազատ է արձակվել

Չիլինգարյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ և վիրահատություններ էր տարել:
Melsik-chilingaryan

Երեկ փոփոխվել է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը: Այս մասին Yekir.am-ին հայտնեց Չիլինգարյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Գեներալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, երեկ նա ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Չիլինգարյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ և վիրահատություններ էր տարել:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը։ Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։ Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։  Գործի նախաքննությունը շարունակվում է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները