«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով չարաշահումներ. ՊԵԿ

Ստուգողական միջոցառումներ են իրականացվել, որի ընթացքում պարզվել է...
pek

Պետեկամուտների կոմիտեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր: Չարաշահումների եւ ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել, որի ընթացքում էլ պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում գազի կորուստները, որոնք նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի, ինչպես նաեւ ավտոգազա-լցավորման ճնշակայաններին մատակարարված բնական գազի ծավալներն ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսեւորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաեւ ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ չարաշահումների հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

 

*

*