Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մեսրոպյանը սպանության զոհ է դարձել:
qnnchakan-komite

Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան գործով սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  Գ.Մեսրոպյանը  սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

*

*