Հրազդանում վրաերթի ենթարկված երեխայի հորը ազատ են արձակել

Հրազդանում երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու համար ձերբակալված հայրը ազատ է արձակվել:
qnnchakan-komite

Հրազդանում երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու համար ձերբակալված հայրը՝ Գագիկ Խամփերյանը, ազատ է արձակվել: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավ: Բացի այդ, Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Խամփերյանի նկատմամբ նախկինում առաջադրված սպանության փորձ կատարելու մեղադրանքը փոխվել է, և նրան առաջադրված մեղադրանքն այժմ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ. Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ, ով մեղադրվում է կրտսեր Խամփերյանին  վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։

Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նկատի ունենալով, որ առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (սպանության փորձ)՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, և Գ. Խամփերյանը ձերբակալվել էր։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Երեխային վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու համար վարորդ Վանիկ Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք, սակայն նա կալանավորված չէ:

Ըստ վերջինի մեղադրական եզրակացության, նա այս տարվա հուլիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ալկոհոլի գործածման հետևանքով գտնվելով ոչ սթափ վիճակում, վարելով «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան, քրոջ ամուսնու՝ Հարություն Իգիթխանյանի հետ, իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ:

Հասնելով «ՎԵՎ» սուպերմարկետի դիմացի խաչմերուկ, ճանապարհի խաչմերուկային հատված մուտք գործելով թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից և ավտոմեքենան ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող հետիոտն, անչափահաս 7-ամյա Արմեն Գագիկի Խանփերյանին:

Ըստ մեղադրանքի, բացի երեխայից, նա հարվածել է նաև «ՎԵՎ» սուպերմարկետի աստիճանահարթակին, ապա՝ մսի վաճառքի շինությանը: Երեխան վրաերթի հետևանքով ստացել էր գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմամբ պայմանավորված գանգուղեղային բաց, բութ վնասվածք և տեղում մահացել:

*

*