Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում

Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ․․․
artur-vanecyan

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, առանձնատանը, բնակարանում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներում և առանձնատներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:

«Դեռևս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ:  Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

«Մինչ այդ Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա: Ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել մեր այսօրվա գործողությունները»,- ասաց նա:

Վանեցյանը հայտնեց, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկելու նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող Կարեն Խաչատրյանին, ով ՊԵԿ-ի աշխատակից է եղել:  ՀՀ ԱԱԾ տնօրենը հստակեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի կարգավիճակը կորոշեն քննիչները: «Այսօր օրվա ավարտին, կարծում եմ, մեր մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ և հանրությանը տեղեկատվություն կներկայացնի մանրամասների մասին»,- նշեց Արթուր Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը հավելեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ այս պահին որևէ գործողություն չեն իրականացրել, քանի որ դրա համար որևէ հիմք և ապացույց չունեն:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ԱԱԾ-ն ավարտել է խուզարկությունը Գագիկ Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող տանը:

Հարցին, թե քրեական գործով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:

*

*