Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ

Իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման
gagik-heboyan,-datavor

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:

Ըստ դատավճռի՝ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում եւ դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդություն, եւ նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանը կալանքի տակ էր գտնվում 1 ամիս 5 օր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գագիկ Հեբոյանը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է  3500 դոլար կաշառք, սակայն սակարկելուց հետո քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր փաստաբան Վահագն Դանիելյանի օգնությանը, որը մեղավոր ճանաչվեց կաշառքի միջնորդության մեջ:

*

*