Գագիկ Հարությունյանը հանդիպել է Վճռաբեկի դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շատ կարևոր համարեց դատավորների մոտ մտայնության փոփոխությունը...
vhchrabek-datavorner-gagik-harutyunyan

Մայիսի 15-ին Բարձրագոււյն դատական խորհրդի անդամները հանդիպում ունեցան Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական ու վարչական պալատների դատավորների հետ:

Օրերս Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ ուսումնասիրություն է հրապարակվել Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, արհեստավարժության և հաշվետվողականության ամրապնդման առնչությամբ:

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր  Գագիկ Հարությունյանը, ընդհանուր գծերով ներկայացնելով վերլուծության արդյունքները, հատուկ կանգ առավ տարբեր աստիճանի դատարաններում դատարանի անկախության, անկողմնակալության, խելամիտ ժամկետներում գործի քննության, արդարադատության իրականացման հանդեպ վստահության և մի շարք այլ մտահոգիչ հարցերի վրա, որոնք բոլոր դատարանների առնչությամբ արտացոլված են հիշյալ զեկույցի մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շատ կարևոր համարեց դատավորների մոտ մտայնության փոփոխությունը, բացառապես օրենքի հիման վրա ու իր համոզմունքներից ելնելով դատական ակտի կայացումը, արդարադատական գործընթացի վրա որևէ ներազդեցության բացառումը:

Դատավորներին պարզաբանվեց Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի` «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին»  որոշման կարևորությունը:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև ծրագրի պատասխանատու Նարինե Գասպարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանը, Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, նույն պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև նման քննարկումների կազմակերպումը տարբեր այլ  ատյանների դատարանների դատավորների հետ:

 ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

*

*