Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահին

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին
gagik-harutyunyan-ervand-xundkaryan1 (1)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:

ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ստեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական  ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, օրենսդիր մարմնին՝ իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

*

*