Եվրոպական դատարան արդեն իսկ գանգատներ են ներկայացվել ապրիլյան խոշտանգումների փաստերով

Թաթոյանը դրական է գնահատում ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի փաստով միջազգային...
arman-tatoyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դրական է գնահատում ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի` հատկապես խոշտանգումների հետ կապված հայ մի խումբ իրավաբանների՝ միջազգային կառույցներին դիմելու նախաձեռնությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  Արման Թաթոյանը շեշտեց, որ կարևորը ճիշտ որոշումներ կայացելն է:

«Այսինքն՝ կարևոր է, թե  ո՞ր մարմիններին ենք դիմում և ինչպիսի՞ պահանջներ ենք ներկայացնում,  որովհետև այդ մարմիններից յուրաքանչյուրն ունի իրավասության իր ծավալն ու կարգավիճակը և չափազանց կարևոր է խնդրանքի ձևակերպումը, որպեսզի կոնկրետ մարմնի իրավասության շրջանակից դուրս չլինի: Որքան շատ հստակ խոսվի և պրոֆեսիոնալ առումով փաստեր ներկայացվեն, դրանք միայն կօգնեն: Դրական առումով շատ լավ օրինակ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը, որն այդ պահի դրությամբ հրապարակված էր հրապարակային աղբյուրներում, այսինքն՝ ներկայացված էր փաստերով ու լուսանկարներով, ինչը հնարավոր եղավ ապահովել նաև լրագրողների օգնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ հայերի նկատմամբ ապրիլին կատարված խոշտանգումների խնդրի մասին ինքը բարձրաձայնել  է նաև Եվրոպայի խորհրդում: Սակայն  արձագանքի մասին մանրամասներ չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե դեռևս ամեն բան քննարկման փուլում է:

Հարցին, թե ՄԻԵԴ դիմելու պարագայում հաղթելու ի՞նչ շանսեր կան, Թաթոյանը պատասխանեց.

«Ես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել, որ Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացվել են գանգատներ և դա կարծում եմ, որ կարևոր քայլ է, քանի որ Եվրոպական դատարանը մի շարք կոնվենցիաներ ունի: Այս պահին այդ առումով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դիրքորոշումս բացասական կանդրադառնա գործընթացի վրա:

Իրավապաշտպանների հայտարարությանը նույնպես ծանոթ եմ և դա, իհարկե, կարևոր է: Սակայն կարևորն այն է, որ խոսքը չվեաբերի միայն միջկառավարական կազմակերպություններին, քանի որ այստեղ շատ կարևոր կարող է լինել նաև վերպետական կառույցները: Հիմնական շեշտադրումն այն է, որ անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում, ունենալ մի վիճակ, որտեղ նման վայրագություններ կարող են տեղի ունենալ, քանի որ մարդիկ ունեն պաշտպանվածության իրավունք»,- շարունակեց Թաթոյանը:

Օմբուդսմենը կարևորեց Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի չեզոք քննադատությունը, որը հրապարակվեց ապրիլի 11-ին: Ըստ նրա՝ խնդիրը միշտ պետք է լինի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում, քանի որ, եթե կանխարգելող քայլեր չլինեն, կարող է ավելի վատ հետևանքներ լինեն:

*

*