ՄԻԵԴ-ն իր վճռով «ոչ օբյեկտիվ» է գնահատել ՀՀ դատավորի գործողությունները

Դիմումատուները Երևանի Բուզանդի փողոցի բնակիչներ են՝ «գերակա հանրային շահ» ասվածից տուժած քաղաքացիներ։
arman-mkrtumyan

panorama.am — Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ պաշտոնական կայքից:

Դիմումատուները Երևանի Բուզանդի փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարեցին իրենց տներից: մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։

Սպառելով ներպետական դատական ատյանները, հայցվորները իրենց պաշտպան Վահե Գրիգորյանի հետ միասին դիմել են ՄԻԵԴ:

Այսօր հրապարակված վճռում ՄԻԵԴ-ը  նշել է, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետևանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք) :

Բացի այդ, դատարանը փաստել է նաև Կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածները:

Եվրոպական դատարանը կառավարությանն ու դիմող կողմին առաջարկել է երեք ամիսների ընթացքում, երբ դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, միմյանց միջև գալ փոխհամաձայնության, գրավոր նկատառումները հայտնել վնասի չափի վերաբերյալ, հակառակ դեպքում Դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը:

Ի դեպ, այս գործով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին

«…Այսպիսով Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը», -մասնավորապես նշված է Եվրոպական դատարանի վճռում:

«Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայտարարություն է տարածել նաև Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոդյանը՝ ընդգծելով, որ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է, որտեղ Եվրոպական դատարանը գնահատական է տվել հայ դատավորի գործողություններին:

«Եվրոպական դատարանի կողմից այսօր ընդդեմ Հայաստանի կայացված որոշումն (Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի) ինձ համար աննախադեպ է։ Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։ Բայց հազվադեպ որոշումներից է, որ եվրոպական դատարանը որոշում է կայացրել հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման։

Իսկ այդ հայ դատավորը (ինչպես որոշման մեջ է նշված judge M.) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է։

Սա եվրոպական դատարանի պատմության մոջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում…», — հայտարարել է փաստաբանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները