Էրեբունու անտառպետության տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու փաստով հարուցվել է քրգործ

Պետությանը պատճառվել է էական վնաս:
glkhavor-datakhazutyun

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել Էրեբունու անտառպետության նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։

Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր: Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

*

*