ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանի դատարանները միավորող օրինագիծը — Երկիր Մեդիա

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանի դատարանները միավորող օրինագիծը

«Ելք» խմբակցությունը 5 ընդմիջումն է վերցրել։
dat

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր:

Այս քվեարկությունը ևս առանց միջադեպի չանցավ: Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկություն հայտարարեց, վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն ԱԺ նախագահը հորդորեց շարունակել քվեարկությունը՝ հայտարարելով, որ դրանից հետո ձայնի իրավունք կտրամադրի «Ելք» խմբակցության ղեկավարին: «Ելք» խմբակցության պատգամավորները, սակայն աղմկում էին, ինչի հետևանքով ԱԺ նախագահն ընդհատեց քվեարկությունը և վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք տվեց Նիկոլ Փաշինյանին, ով կրկին հայտարարեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ քվեարկությունը պետք է շարունակվի, քանի որ դրա մասին արդեն հայտարարվել է:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու 20 րոպե ընդմիջում վերցրեց:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում «Ելք» խմբակցությունն արդեն 5-րդ ընդմիջումն է վերցնում:

 

*

*