Դպրոցի 30 տնօրեններ Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում.aravot.am

Նրանք պահանջում են, որպեսզի կազմակերպության անունից ներողություն հայտնեն...
daniel-ioanisyan

aravot.am — Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ պատրաստվում են դիմել վարչական դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որպեսզի կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար:

Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն զրպարտել եւ չեն պատրաստվում որեւէ մեկին երկու միլիոն դրամ վճարել:

«Ո՞նց կարող ենք հերքել ճիշտը: Մենք հրապարակել ենք այն, ինչ որ կա: Ի՞նչը հերքենք. Հերքենք`ասենք`չէ տնօրեններն այդպիսի բան չե՞ն ասել: Աբսուրդ է»,- ասաց նա:

Դատարանի`իրենց համար ոչ ցանկալի որոշմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի ենթարկվելու: Բողոքարկելու են`ընթացքում ցույց տալով նաեւ հայկական դատական համակարգի դեմքը:

Հարցին`տնօրենների նման որոշումն իր համար անակնկա՞լ էր, թե՞ սպասում էին հակաքայլի, Դանիել Իոննիսյանն ասաց, որ սպասում էին:

*

*