Ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս»-ի ներկայիս և նախկին ղեկավարները

Ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ...
dilijan

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա. Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են  ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս ղեկավարների կողմից   պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում:

Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը։

Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, ևս մեկի նկատմամբ՝  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

*

*