Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց

Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ
davit-sanasaryan

Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 27-ին տեղի է ունենում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները կասեցվել են) և մյուսների գործով դատական նիստը:

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Ազգային անվտանգության մասին օրենքի 4.2 հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի որոշումը` ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին հակասում են Սահմանադրությանը:

Դատարանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հայտնեց Ինեսսա Պետրոսյանի միջնորդության մերժման մասին:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ տնօրեն Տարոն Ավետիսյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

*

*