Ընտրախախտումների վերաբերյալ 9 դեպքով քրգործ է հարուցվել, կա 1 ձերբակալված

Իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր բնույթ...
yntrutyun-dzerbakalutyun

Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 467 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

«ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձևավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում):

Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 467 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 278 ահազանգերը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 9 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր, որոնցից 7-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ երկուսը` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Մեկ գործով կասկածյալը ձերբակալվել է, իսկ մեկ այլ գործով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 745 հաղորդումներից 04.04.2017թ. դրությամբ 200-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել կամ չեն հաստատվել: Այդպիսիք վերաբերել են առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձերի կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ առանձին հրապարակումներին, որոնց ստուգմամբ պարզվել է, որ արձանագրված դեպքերը, ակնհայտորեն, իրականում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնելու՝ ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտման, տեխնիկական սարքավորման խափանման կամ տեխնիկական սարքավորումներից օգտվելու կարգի չիմացության արդյունք են, իսկ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, այդ թվում՝ ընտրակաշառք տալու վերաբերյալ արդեն իսկ ստուգված հաղորդումներով ձեռնարկված դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով դրանք հերքվել են կամ ձեռք չեն բերվել քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված հիմքեր:

Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը»,- ասվում է ԳԴ հաղորդագրության մեջ:

*

*