Դատախազությունը՝ լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Լրագրողին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե
tirayr-ed

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիրայր Մուրադյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք են ախտորոշել:

Լրագրողը պատմում է, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը: «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում և այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- ասաց Մուրադյանը:

Նա այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները կհրապարակի:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը «խստորեն դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը»։

*

*