Թեհրանում հանդիպել են Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազները

Ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր
dataxazner-hayastan-iran1 (1)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում:

Այսօր նրան ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձևավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Բացի այդ, գլխավոր դատախազները քննարկել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է վերջինս ավելի արագացնելու անհրաժեշտություն:

Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:

*

*