Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ. Արթուր Դավթյան

...պաշտոնապես հայտարարեց, որ դատախազությունում այսօր կոռուպցիա չկա

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգայն ժողովում իր ղեկավարած կառույցի 2018 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս պաշտոնապես հայտարարեց, որ դատախազությունում կոռուպցիա չկա։

«Ամենակարևորը բարոյահոգեբանական այն մթնոլորտի ձևավորումն է, որ պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Թող անհամեստություն չլինի, բայց ամբողջ աշխատանքի համակարգման առումով կարող եմ ասել, որ մեր համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը», — հայտարարեց գլխավոր դատախազը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքեց. «Այլևս սրբե՞ր են դատախազները»։

Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարծում, թե մարդիկ երկու տեսակի են լինում՝ սրբեր եւ կոռուպցիոներներ։ «Սրբեր ամեն դեպքում երկրի վրա ինձ հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ… Ես որպես գլխավոր դատախազ այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում»:

*

*